
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը ԲԱՑԱՍԱԿԱՆ եզրակացություն է տվել «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտին, որով ընկերությունը նախատեսում էր ուսումնասիրություններ իրականացնել Արմանիսի ու Ուրասարի հանքային դաշտում։
Պետական փորձաքննության այս որոշմամբ կասեցվել է 2026-2029 թվականներին Լոռու մարզի Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերում «Չքնաղ–Արմանիս» հեռանկարային տարածք երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ծրագիրը։ Որոշմանը նախորդել էին Ստեփանավան խոշորացված համայնքի բնակիչների, բնապահպանների և պետական գերատեսչությունների ամիսներ տևած դիմադրությունն ու բողոքները։
Ընկերության ծրագրած մասշտաբային աշխատանքները
«ՍԱԳԱՄԱՐ»-ի հայցած տարածքը կազմում էր 1461.59 հեկտար (մոտ 15 կմ²) Ստեփանավան համայնքի Արմանիս (894.98 հա) և Ուրասար (549.84 հա) բնակավայրերում։ «Բ» կատեգորիայի այս նախագծով ընկերությունը ծրագրում էր անցկացնել 135 կիլոմետր երկարությամբ երկրաբանական երթուղիներ (750 դիտակետով), փորել 2000 գծամետր հետախուզական առուներ (1400 մ³ ծավալով) և հորատել 15 հորատանցք՝ 4000 գծամետր ընդհանուր խորությամբ։
Նախատեսվում էր նաև վերականգնել 2 կմ գրունտային ճանապարհ, կառուցել 2 կմ նոր ժամանակավոր ճանապարհներ և պատրաստել 15 հորատման հարթակ։ Այս գործողությունների հետևանքով խախտվելու էր ավելի քան 10 հազար քառակուսի մետր հողատարածք, իսկ հանվող հողաբուսական շերտի ծավալը հասնելու էր 2268 куբ մետրի։
Թեև ընկերությունը նշում էր, որ խոսքը միայն որոնողագնահատողական ուսումնասիրությունների մասին է, բնակիչներն ու բնապահպանները հիշեցնում էին, որ ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգիրքը թույլ է տալիս հետագայում դիմել տարածքների ընդլայնման և հանքարդյունահանման թույլտվության համար։
«Հայանտառի» դիրքորոշումը և անփոփոխ կոորդինատները
Փորձաքննական բացասական եզրակացության առանցքային պատճառներից մեկը դարձել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կոշտ հակազդեցությունը։ Պարզվել է, որ ընկերության հայցած տարածքի մեջ ներառվել են «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կառավարման տակ գտնվող հողեր (Ուրասարում՝ ~195.02 հա, Արմանիսում՝ ~23.11 հա), ինչպես նաև Կառավարության 2025 թ. դեկտեմբերի 4-ի N 1757-Ա որոշմամբ «Հայանտառին» անհատույց ամրացված ևս 15.123 հեկտար տարածք։
Չնայած ընկերությունը պնդել է, թե բուն անտառային հատվածներում աշխատանքներ չի իրականացնելու, սակայն այդպես էլ չի փոխել հայցվող տարածքի ծայրակետային կոորդինատները։ «Հայանտառը» կրկնակի բացասական կարծիք է տվել՝ ընդգծելով, որ տարածքները խիտ անտառածածկ ու թփածածկ են, և անտառային հողերում որևէ աշխատանք բացառվում է։
Համայնքային հակասությունն ու ավագանու որոշումը
Ստեփանավանում իրավիճակն առավել լարվեց 2026 թվականի փետրվարին, երբ խոշորացված համայնքի ավագանին դրական եզրակացություն տվեց «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի ուսումնասիրությունների հայտին։ Այս որոշումը խոր հակասության մեջ էր հենց Ստեփանավան համայնքի 2022-2026 թթ. հնգամյա զարգացման պլանի հետ։
Համայնքի պաշտոնական ռազմավարության մեջ, որպես առաջնահերթություն, նշված է տուրիզմի և գյուղատնտեսության զարգացումը, իսկ «զարգացման սպառնալիքներ» բաժնում առաջիններից մեկը հենց հանքարդյունաբերությունն է․ «Հանքարդյունաբերություն. Սագամար, ոսկու, պղնձի բաց հանք, չի շահագործվում, շարունակում է աղտոտել բնությունը և նպաստել մարդկանց առողջության վատթարացմանը, վնաս շրջակա միջավայրին՝ ջուր, օդ, հող։ Վնաս տուրիզմին։ Վնաս երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծմանը, վնաս գյուղատնտեսությանը»։
Փաստացի, արձանագրելով նախկին հանքի չվերացված էկոլոգիական վնասները՝ ավագանին այնուամենայնիվ կանաչ լույս էր վառել նույն ընկերության նոր ծրագրի առջև։
Թեժ լսումներ, քաղաքացիական դիմադրություն և ստորագրահավաք
հանրային լսումներ Ստեփանավան, Արմանիս և Ուրասար բնակավայրերում։ Բնակիչներն ու էկոակտիվիստները բարձրացրեցին Չքնաղ գետի և խմելու ջրային ռեսուրսների աղտոտման, հողերի խախտման և բնակչության առողջության պահպանման հարցերը։
Ստեփանավանում ձևավորվեց ակտիվ քաղաքացիական դիմադրություն։ Կազմակերպվեցին քննարկումներ, իրազեկման հանդիպումներ, ակցիաներ և ստորագրահավաք ինչպես առցանց, այնպես էլ թղթային՝ պահանջելով կանխել համայնքի հանքաքարդյունաբերությունը։
Փորձաքննության ընթացքում ստացված բազմաթիվ գրավոր դիմում-բողոքների, հանրային դիմադրության և «Հայանտառի» բացասական կարծիքի հիման վրա՝ ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հերիքնազ Մկրտչյանն ու գլխավոր մասնագետ Հովակիմ Ֆրունզիկյանը ստորագրեցին բացասական եզրակացությունը՝ վերջակետ դնելով «ՍԱԳԱՄԱՐԻ» այս հայտին։
